Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Աստվածային զորությամբ կատարվող ամեն մի հրաշք պատճառ և նպատակ ունի

Աստվածային զորությամբ կատարվող ամեն մի հրաշք պատճառ և նպատակ ունի
29.04.2016 | 09:10

«Հովվի խոսքը» գրքում Կիրիլ պատրիարքը նշում է. «Հրաշքը գերբնական այնպիսի գործողություն է, որի միջոցով Աստված` որպես մեր աշխարհի Արարիչ, բեկանում է ֆիզիկական օրենքների անխախտությունը: Նա սկզբունքորեն չեղյալ չի դարձնում այդ օրենքները, այլ հրաշք գործելով` իր աստվածային զորությամբ ինքնակամորեն սահմանափակում է դրանց գործողությունը տվյալ տեղում, տվյալ ժամանակ և տվյալ առարկայի նկատմամբ»: Հրաշքը գործողություն է, տեսանելի իրադարձություն: Բավական է աչքեր ունենալ` հաստատելու որևէ հիվանդի վայրկենական բուժումը, փոթորկի խաղաղեցումը, հացի բազմացումը: Բայց տեսանելի այս իրադարձությունների նպատակը սոսկ զարմացնելը չէ: Դրա ամենաանմիջական նշանակությունն այն է, որ Աստված ներկա է: Այդ Նա է միջամտում:


Նիկոդիմոսն ասում է Հիսուսին, թե դու Աստծու կողմից ուղարկված ուսուցիչ ես, ոչ ոք չի կարող կատարել այն նշանները, որ դու ես կատարում, եթե Աստված նրա հետ չէ (Հովհ. 3.2):
Ֆրանսիացի կաթոլիկ աստվածաբան Ժան Վեբերը նշում է՝ մենք ուզում ենք հրաշք անվանել արտասովոր, բնության նորմալ ընթացքից դուրս գտնվող ամեն փաստ, և այն իրականացնողը, դրա վկաները, կամ էլ հոգևոր հանգամանքները, որոնցում կատարվել է, վերագրում են աստվածային պատճառաբանությանը: Հրաշքներն այնպիսի փաստեր կամ իրադարձություններ են, որոնք իրենց նյութականությամբ ու հոգևոր ենթատեքստով հայտնում են Աստծու հատուկ միջամտության մասին: Անկասկած, Աստված գործում և մասնակցում է ամեն աստվածահաճո գործի, առաքելության մեջ: Նրա գործունեությունը, որ համապատասխանում է բնության օրենքներին, կարող է ներկայանալ իբրև նրա ամենազորության և բարության հրաշալի դրսևորում, իսկ երբեմն էլ ավելի վառ է, քան բնության ընթացքից դուրս կատարվող որևէ փաստ նրա համար, ով ուզում է խորհել դրա շուրջ:


Մենք պետք է ուշադրություն դարձնենք, որ ավետարանում նկարագրվող հրաշքները առաջնահերթորեն նշանն են Երկնքի Արքայության հաստատմանը Հիսուս Քրիստոսի գալուստով: Լինելով փրկչագործական մեսիական գործեր` հրաշքներն ունեն նաև վախճանաբանական բնույթ: Սա հետևանք է այն իրողության, որ Եկեղեցին հիվանդության և մարդկությանը սպառնացող կամ էլ վերահաս աղետների մեջ հաստատում է իր իշխանությունը` իբրև հակակշիռ սատանայի գործունեության: Այնուամենայնիվ, առաջին դարում իրագործված Հիսուսի հրաշագործ բժշկումները տվյալ պահին ունեին ընդամենը ժամանակավոր իմաստ: Նրանք, ովքեր բուժվել էին կամ հարություն առել, կարող էին դարձյալ հիվանդանալ և անշուշտ անմահ չէին: Այս իմաստով, Հիսուսի հրաշքները երբեք նպատակ չէին, այլ միջոց, որից նա օգտվում է փրկչության իր ամբողջ գործունեությունն իրականացնելու համար: Դրանք ենթարկվում են Ավետարանի քարոզներին ու առաքելությանը: Փորձության ժամանակ արդեն ակնհայտ է, որ Հիսուսի հրաշագործ կարողություններն ի սպաս են դրված այդ առաքելությանը: Սակայն զորավոր գործերով չէ, որ նա մտադիր էր շահել մարդկանց բարեհաճությունը, այլ մարդկանց հասցնելով աստվածային սիրո մեծագույն գիտակցությունը: Երբ հրաշքը ազդեցություն է գործում բազմության վրա, Հիսուսն առանձնանում է:

Աշակերտների` կրկին ամբոխի մոտ վերադառնալու խնդրանքին նա պատասխանում է` գնանք մեկ ուրիշ քաղաք, չէ՞ որ դրա համար եմ ուղարկված (Ղուկ. 4.43): Նրա գլխավոր նպատակը, ուստի, ոչ թե բազմաթիվ բժշկումներն են, այլ երկրի վրա հայտնված Թագավորության հայտնությունը: Հրաշքները, թեև սերտորեն կապված են քարոզին, ընդամենը նշաններ են, երկրորդական երևույթներ, հայտնված այն ճշմարտության նշանները, որ Աստծո թագավորությունն արդեն երկրի վրա է: Մի կողմից հրաշքը ամրապնդում է հավատը Հիսուսի առաքելության և նրա իշխանության նկատմամբ (Մարկ. 2.1-12), իսկ մյուս կողմից էլ չկա հրաշք, եթե դրան չեն սպասում հավատքով (Մարկ. 6.5):


Կիրիլ պատրիարքն ասում է, որ աստվածային զորությամբ կատարվող ամեն մի հրաշք պատճառ և նպատակ ունի, հանուն որի կատարվում է և որոշակի պայմանների բավարարմամբ է իրականություն դառնում, որոնցից դուրս այն զրկվում է իր իմաստից: Իսկ ամեն հրաշքի, ինչպես և մարդկանց նկատմամբ Աստծո արած ամեն ինչի նպատակը նրանց փրկության մասին հոգալն է: Տիրոջ հրաշքը հաճախ կատարվում է որպես վկայություն, որ Աստված սիրում է մարդուն: Մարդը հաճախ է հրաշքներ պահանջում Աստծուց: Սակայն չէ՞ որ Աստծո հրաշքները տեսնելու համար հարկավոր է միայն ավելի ուշադիր դիտել այն ամենը, ինչը շրջապատում է մեզ: Միայն, եթե խորամուխ լինենք բնության բազմազանության և կառուցվածքի մեջ, ամենուր հրաշքներ կգտնենք: Սակայն մենք չափից ավելի շատ ենք սովորել մեզ շրջապատող աշխարհին և ինքներս մեզ նայել որպես միանգամայն բնական երևույթների` չզգալով Աստծու անտեսանելի, սակայն մշտական ներկայությունն աշխարհում և չճանաչելով այն հրաշքները, որոնցով մեզ շրջապատել է Արարիչը: Տերն իր գործած ամեն մի հրաշքի դեպքում մարդուն հնարավորություն է թողնում ազատ կերպով ընդունելու կամ չընդունելու հրաշքը, քանզի երբ անձն ինքն է ազատ ընտրություն կատարում, թե ինչ վերաբերմունք ունենա Աստծո նկատմամբ, այդ ազատությունը մեծագույն արժեք է Տիրոջ համար: Այն փաստը, որ Հիսուսը չի գործել շատ հրաշքներ, երբեմն բացատրվել է նրան դիմող մարդկանց հոգեբանական կախվածության ու տրամադրության լույսի ներքո: Խնդիրն այն է, որ տվյալ իրողության մեջ հրաշքի բացակայությունը խոսում է այն հանգամանքի մասին, որ մարդիկ հրաշք էին ուզում առանց հավատքի պայմանի, մանավանդ հրաշքների մեծագույն նպատակը Երկնքի արքայության ավետումն ու գալուստն էին և տիեզերական նորոգչությունը, այլ ոչ թե մարդկանց պարզապես զարմացնելը:


Պատրաստեց
Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Դիտվել է՝ 2020

Մեկնաբանություններ